Ռուսաստանը երկխոսություն կվարի Ուկրաինայի ցանկացած նոր կառավարության հետ անկախ նրանից, թե ով կգլխավորի այն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյուսելում Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդյունքների հիման վրա կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կլինենք Ուկրաինայում մեր գործընկերների հետ, ով էլ որ գլխավորի ուկրաինական կառավարությունը, նրանց հետ երկխասություն կվարենք»,- ասել է Պուտինը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի դադարի Ռուսաստանը ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային ու չեղյալ չի համարի գազի զեղչը կառավարության փոփոխությունից հետո:
«Ի պատասխան ձեր այն հարցին, թե արդյոք մենք կվերանայենք մեր համաձայնությունները վարկերի ու էներգետիկայի վերաբերյալ, եթե իշխանության գա ընդդիմությունը՝ ոչ, չենք վերանայելու»,- հավելել է ՌԴ նախագահը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ընդ որում Ռուսաստանի ղեկավարը հաղորդել է, որ Ուկրաինան խնդրում է հետաձգել 2014թ.-ին ցածր գնով մատակարարված գազի դիմաց վճարումները:
«Ուկրաինական կողմը խնդրում է եւս մեկ անգամ հետաձգել վճարումները: Սակայն դա չէ վատագույնը: Ավելի վատ է այն, որ ինձ միայն այսօր են հաղորդել, որ ուկրաինական կողմը խնդրում է հետաձգել 2014թ.-ին ցածր գնով մատակարարված գազի դիմաց վճարումները»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ուկրաինայի պարտքը Ռուսաստանին գազի դիմաց 2013թ.-ի օգոսոտոսից կազմում է 2,7 մլրդ դոլար:
Պուտինը նաեւ ընդգծել է, որ իրավիճակն Ուկրաինայում փոփոխություն չի մտցրել Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի օրակարգում:
«Ուկրաինան որեւէ կերպ չի ազդել մեր օրակարգի վրա: Մենք իսկապես մեծ ուշադրություն ենք հատկացրել «Արեւելյան գործընկերությանը», եւ այդ կապակցությամբ, իհարկե, խոսել են Ուկրաինայի մասին, սակայն որպես երկիր, որն այդ նախագծի վերաբերյալ բանակցային փուլում է գտնվում»,- ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հունվարի 28-ին հրաժարական է ներկայացրել:


























