Վրաստանի Գերագույն դատարանը բավարարել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայցը եւ վերականգնել նրա վրացական քաղաքացիությունը: Այդպիսով, դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշումը՝ ընդունված երկու տարի առաջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել էր 2011թ., երբ հայտարարել էր վրացական ընդդիմության կողմից քաղաքականությամբ զբաղվելու իր որոշման մասին:

Սահակաշվիլին պատճառաբանել էր, թե 2010թ. Իվանիշվիլին, ունենալով վրացական քաղաքացիություն, ստացել էր նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչը չէր թույլատրվում այդ ժամանակվա օրենսդրությամբ:

2012թ. հոկտեմբերին, երբ Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել էր ընտրություններում, Սահակաշվիլին Իվանիշվիլիին քաղաքացիություն էր շնորհել՝ հաշվի առնելով ազգությունը, սակայն Իվանիշվիլին բողոքարկել էր:

2013թ. Իվանիշվիլին լքել էր Վրաստանի վարչապետի պաշտոնը՝ հասարակական գործունեություն սկսելով: