Այս տարի կկազմակերպվի 2013-ին առաջին անգամ անցկացված եւ երեւանցիների շրջանում լայն արձագանք գտած «Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագիրը: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

2013-ին տեղի ունեցած առավել ընդգրկուն մշակութային ծրագրերի հետ կապված՝ Արամ Սուքիասյանն առանձնացրել է «Էրեբունի-Երեւան 2795» միջոցառումները, որի շրջանակում մայրաքաղաքի 26 բեմահարթակներում ներկայացվեցին բազմաժանր մշակութային ծրագրեր: Առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն այս տարվա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:

Մշակութային ծրագրերից առանձնացվել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների  ամփոփիչ ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում շուրջ 25.000 կտոր գրականությամբ թարմացվեցին գրադարանային ֆոնդերը: Զգալի աշխատանք է տարվել նաեւ գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Ա. Իսահակյանի անվան գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաեւ տեսա- եւ ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Տարին ամփոփվել է ամանորյա եւ սուրբծննդյան տոնական միջոցառումներով:

Արդեն ավանդական դարձած միջոցառումների շարքում աչքի է ընկել ջազի միջազգային օրը: Նշվել է, որ այս տարի ապրիլի 30-ին կներկայացվի մշակութային առավել հագեցած ծրագիր՝ նաեւ արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ՝ նվիրված Վերջին զանգին եւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Այս տարի կկազմակերպվի նաեւ 2013-ին առաջին անգամ անցկացված եւ երեւանցիների շրջանում լայն արձագանք գտած «Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում իրենց ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաները կրկին հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու մի շարք միջոցառումների, այդ թվում՝ անվճար հիմունքներով քաղաքապետարանի ենթակայության  որոշ թանգարաններն ու կենդանաբանական այգի այցելելու:

Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացված կենդանաբանական այգու բարեկարգմանն ու կառուցապատմանը:

Այս տարի կմեկնարկի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում վերականգնողական աշխատանքների եռամյա ծրագիրը:

Տարվա ընթացքում աշակերտների համար կկազմակերպվեն նաեւ անվճար այցելություններ թատրոններ ու թանգարաններ: Նախորդ տարի այս ծրագրից օգտվել է ավելի քան 70 հազար աշակերտ:

Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գործընկեր կառույցների, տեղական եւ արտասահմանյան զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպումները, կլոր սեղաններն ու սեմինարները մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը: Ընթացքի մեջ է նաեւ Երեւանի բրենդավորման գործընթացը:

Մայրաքաղաքի մարզական առօրյային առնդրադառնալով՝ նշվել է, որ 2013 թվականի ընթացքում կազմակերպվել է 4 լայնամասշտաբ մարզական միջոցառում: Աշխատանքներ  են  տարվել նաեւ հեծանվուղիների ընդլայնման ուղղությամբ:  Այս տարի  քայլեր կձեռնարկվեն Երեւանը հեծանվային երթեւեկության համար ավելի հարմար դարձնելու  ուղղությամբ: