ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ու ամերիկյան Կոնտուր Գլոբալ  ընկերության միջեւ:

Այս առնչությամբ, դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«180 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը երբեւէ կատարված ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ներառում է երեք հիդրոէլեկտրակայան, որոնք ունեն մինչեւ 405 ՄՎ էլեկտրականություն արտադրելու հզորություն (Որոտան գետի վրա, Հայաստանի հարավում): Այն Հայաստանի եւ Կովկասի ամենախոշոր ու ամենաճկուն էլեկտրակայաններից է: Համաձայնագիրը ստորագրվեց այսօր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Կոնտուր Գլոբալ ընկերության փոխնախագահ, Արեւելյան եւ ԱՊՀ երկրների գծով գործադիր տնօրեն Գերի Լեվեզլիի կողմից: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: 

Ըստ համաձայնագրի Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադը, որը Կոնտուր Գլոբալ ընկերության ուղղակի ու ամբողջական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկությունն է, հոսանքի ձեռք բերման երկարաժամկետ համաձայնագրով կապահովի էլեկտրականություն Հայաստանի բաշխիչ ցանցի համար: Այն  նաեւ առաջիկա 6 տարիների ընթացքում 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում  կկատարի ուղղված համալիրի արդիականացմանը, գործունեության, անվտանգության, հուսալիության եւ արտադրողականության բարելավմանը: Կոնտուր Գլոբալն ակնկալում է, որ բացի համալիրի տեխնիկական անձնակազմի 150 երկարաժամկետ աշխատատեղերից,  150 աշխատատեղեր էլ առաջիկայում կստեղծվեն արդիականացման համար: