Միացյալ Նահանգների հարավային մասում մոլեգնող ձնաբքերի պատճառով զոհվել է առնվազն 13 մարդ: Նրանց մեծ մասը մահացել է եղանակային վատ պայմանների պատճառով հարուցված վթարների հետեւանքով:
Հինգ մարդ զոհվել է Ալաբամայում ավտովթարից, եւս երկուսը՝ Հյուսիսային Կարոլինայում: Միսիսիփիում շարժական տան հրդեհի հետեւանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին երեխա: Հրդեհման պատճառը տաքացնող սարքի խափանումն է եղել, հաղորդում է Lenta.ru-ն:
Վեց նահանգներում՝ Ալաբամայում, Միսիսիփիում, Լուիզիանայում, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինաներում եւ Ջորջիայում իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին` ձյան առատ տեղումների, սառցե անձրեւների եւ թանձր մառախուղի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առնվազն 10 հազար դպրոցականներ ստիպված են եղել գիշերն անցկացնել ուսումնական հաստատությունում, քանի որ մայրուղիների երթեւեկությունը փակվել է:




























