Լեռնային ղարաբաղի անկախության ճանաչումն այն գործընթացն է, որ պետք է զուգահեռ ընթանա հակամարտության խաղաղ կարգավորման հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման փաստին:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում կան որոշակի ընդհանուր կետեր: «Հայկական լոբբին փոխել է իր մարտավարությունը եւ փորձում է Ամերիկայի տարբեր նահանգներում եւ տարբեր երկրներում նպաստել Ցեղասպանության եւ Լեռնային ղարաբաղի ճանաչմանը, աստիճանաբար շարժվելով դեպի կենտրոնական օրգաններ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները համաձայնվել են, որ այդ ուղին սկսվի եւ նպաստում են սփյուռքի աշխատանքին»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ պետության եւ սփյուռքի կառույցների քաղաքականությունն այդ հարցում միասնական է:

Ըստ պատգամավորի, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը իր հետ կբերի նաեւ ԼՂՀ տարածքի ճանաչում: «Իսկ ԼՂՀ տարածքը սահմանված է Սահմանադրությամբ: Ինչպես ավստրալական Նոր Ուելս նահանգը, այնպես էլ ամերիկյան նահանգները Լեռնային ղարաբաղի ճանաչման ժամանակ չեն դրել քարտեզի փոփոխման հարց, նրանք ճանաչել են ԼՂՀ տարածքւ, որը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ»,- ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ լոս Անջելեսի խորհրդի կողմից ԼՂՀ ճանաչումը այդ գործընթացի քայլերից է: