Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Ի պատիվ ՀՀ նախագահի տրված աշխատանքային ճաշի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Սենատի նախագահ Միլան Շտեխը հանդես են եկել բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերություններին, այդ հարաբերություններում կարեւոր դեր ունեցող խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացմանը, հայ եւ չեխ ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ոլորտներում՝ առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված փոխգործակցությանը, նաեւ միջազգային կառույցներում եւ այլ խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների համագործակցությանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Հանդիպման սկզբում Սենատի նախագահ Միլան Շտեխն ընդգծելով, որ հայ-չեխական միջպետական հարաբերությունները բարեկամական են, նշել է, որ Չեխիան ցանկանում է ավելի ամրապնդել եւ խորացնել երկկողմ կապերը: Սենատի նախագահը խոսել է հայ եւ չեխ ժողովուրդների պատմական ընդհանրությունների, դարերի ընթացքում նրանց հաղթահարած բազում դժվարությունների եւ մարտահրավերների մասին, ընդգծել, որ Հայաստանն այսօր էլ շարունակում է ապրել բարդ տարածաշրջանում: Իր երկրի կողմից նա վստահեցրել է, որ Չեխիան ցանկանում է, որ բոլոր խնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով, ինչպես ժամանակին դա արել է Չեխիան: Նա նշել է, որ խաղաղության ապահովման կարեւոր գրավականներից է երկրի տնտեսության զարգացումը, եւ Չեխիան պատրաստակամ է ընդլայնել ու սերտացնել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի նպաստ Հայաստանի ու նրա ժողովրդի: Նա կարեւորել է հատկապես ավանդական ոլորտներում՝ սննդարդյունաբերության, էներգետիկայի, մշակույթի, գիտության եւ այլ, զարգացնել համագործակցությունը եւ կարեւորել նաեւ խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ կայացող Հայաստանի Նախագահի պետական այցը կխթանի երկկողմ հարաբերությունները: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացում են ապրում, ինչը, նրա համոզմամբ, բխում է երկու երկրների եւ ժողովուրդների շահերից: Նախագահը գոհունակությամբ է նշել երկու երկրներում դեսպանությունների բացման մասին, փաստել, որ վերջին շրջանում ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, հաճախակիացել են բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ այս տարի Երեւանում եւ 2015 թվականին Պրահայում անցկացվելիք չեխական եւ հայկական մշակույթի օրերին եւ այն համարել երկու երկրների միջեւ մշակութային երկխոսության զարգացմանն ուղղված կարեւոր քայլ:
Խոսելով Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալի ոչ բավարար ցուցանիշների մասին, նախագահը գոհունակությամբ է փաստել, որ չնայած դրան, առեւտրաշրջանառության ծավալը 2012-ի համեմատ 2013թ. 40 տոկոսով աճել է:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի Հայաստանի եւ Չեխիայի միջեւ խորհրդարանական համագործակցությունը շարունակի զարգանալ ամուր բարեկամության եւ շարունակական առաջընթացի ոգով՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների հզորացման:
Սենատում կայացած հանդիպումից հետո, նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Պրահայի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել Պրահա քաղաքի պատվավոր այցելուների գրքում եւ Պրահայի քաղաքապետից ի նշան երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ստացել խորհրդանշական նվեր՝ քաղաքի բանալին:
Պրահայի քաղաքապետն իր ողջույնի խոսքում հանգամանորեն անդրադարձել է հայ եւ չեխ ժողովուրդների դարավոր բարեկամությանը, պատմամշակութային առնչություններին, այդ համատեքստում խոսելով նաեւ մայրաքաղաք Պրահայում հայկական հետքի մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը կարեւորել է նաեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:
Պատասխան խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե մեծ բավականությամբ է այցելում հիասքանչ Պրահայի քաղաքապետարան Չեխիայի Հանրապետություն իր պետական այցի շրջանակում: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ նորօրյա պատմության ընթացքում նախագահական մակարդակով իրականացվող այս առաջին այցը՝ հագեցած պաշտոնական հանդիպումներով ու գործնական քննարկումներով, ընթանում է հայ-չեխական ավանդական բարեկամության ոգով:
«Միանգամայն վստահ եմ, որ իմ պետական այցի ընթացքում Չեխիայի ղեկավար անձանց հետ արդյունավետ հանդիպումները կծառայեն վերջին տարիներին վերընթաց զարգացում ապրող հայ-չեխական հարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակի հասցնելու եւ փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցություն ծավալելու նպատակին:
Իրոք, ինձ համար շատ ուրախալի է այսպիսի պատվի արժանանալ Եվրոպայի հնամենի մայրաքաղաքներից մեկի՝ հիասքանչ Պրահայի քաղաքապետարանում: Բացի բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց, Պրահան իրավամբ համարվում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարեւորագույն կենտրոններից մեկը: Մեկ անգամ եւս հիշատակեմ Պրահայի հայկական հետքի մասին մի հետաքրքիր փաստ. դեռեւս XVII դարում Պրահայում բացված սրճարաններից մեկի տերը եղել է Գեւորգ անունով դամասկոսցի մի հայ: Միաժամանակ 20-րդ դարասկզբին Պրահայում բնակվող ազգությամբ հայ Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆաբրիկան:
Երեւանը եւ Պրահան, համագործակցության մեծ ներուժ ունեն, եւ հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն մեր մայրաքաղաքների միջեւ կապերն ավելի զարգացնելու եւ խորացնելու համար:
Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ակնկալում եմ Ձեզ հետ հանդիպել նաեւ մայրաքաղաք Երեւանում»,-Պրահայի քաղաքապետի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Պետական այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Ավելի ուշ ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից կտրվի պետական ընթրիք:































