Ղըրղըզստանի ազգային պատկերասրահից անցյալ տարի ամանորի նախօրեին Հովհաննես Այվազովսկու նկարն առեւանգող անձը կամավոր ներկայացել է ոստիկանություն, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Բիշքեքի ՆԳՆ պետվարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հայտնի ռուս նկարչի կտավի կորուստը հայտնաբերվել է ամանորյա միջոցառման հաջորդ առավոտ, որը կազմակերպվել էր թանգարանի աշխատակիցների կողմից շինության սպասասրահում:Նկարչի կողմից 1866թ.-ին նկարված «Ծովանկար Ղրիմում» կտավի արժեքը, որի չափերն են 47սմ/53,5սմ, կազմում է մոտ 2 մլն սոմ(ավելի քան 40 հազար դոլար): Մեկ շաբաթ առաջ անհայտ անձինք վերադարձրել էին կտավը՝ թողնելով այն բիշքեքյան թերթերից մեկի խմբագրության առաջ:
Նկարը վերադարձնելուց հետո գողերի որոնման աշխատանքները կրկնապատկվեցին: Հանցագործը թաքնվելու հնարավորություն չուներ: Պարզվել էր, որ նա Կանտ քաղաքի բնակիչ, նախկինում դատված 30-ամյա Ռաֆայել Ֆ.-ն է:
Ինքը հանցագործը ոստիկանությանը պատմել է, որ դեկտեմբերի 26-ին թանգարանի տոմս է գնել ու փակվելուց առաջ մտել: Նրա նպատակն ամենեւին էլ արվեստի գործերով հիանալը չէր, պարզապես օգտվելու էր սանհանգույցից: Սպասասրայում նկատել է միջոցառման համար պատրաստված սեղաններ ու պատկերասրահի աշխատակիցների, երկրորդ հարկում ոչ ոք չի եղել, եւ Ռաֆայելը որոշել է վերցնել առաջին պատահած նկարը: Հանելով շրջանակը՝ նա դանակով կտրել է կտավը, փաթաթել ու թաքցրել այն հագուստի տակ, ինչից հետո հանգիստ հեռացել է պատկերասրահից:
Ավելի ուշ լրատվամիջոցներից նրան հայտնի է դարձել կտավի արժեքի մասին, ինչպես նաեւ որ դրա որոնման լուրջ աշխատանքներ են տարվում, ինչից հետո որոշել է վերադարձնել կտավը, հաղորդել են ՆԳՆ վարչությունից՝ նշելով, որ գողին ձերբակալել են մինչեւ գործի բոլոր մանրամասների պարզումը:




























