Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը եւ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այսօր՝ հունվարի 31-ին, Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին:

Նախագահները ողջունել են նման ձեւաչափով գործարարների հանդիպումը եւ դրա շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը: Նախագահ Զեմանը կարեւորել է հատկապես Հայաստանի եւ Չեխիայի առանձին տարածաշրջանների միջեւ ստորագրվելիք համաձայնագրերը, որոնք լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը եւ Միլոշ Զեմանը համակարծիք են եղել, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, եւ այն լիարժեք օգտագործելու համար զգալի դեր են վերապահել գործարարներին՝ վստահեցնելով, որ երկուստեք պետականորեն հնարավորինս կխրախուսեն գործարարների միջեւ կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գործարար եւ ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքները, նախաձեռնված լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաեւ միջազգային վարկանիշային զեկույցներում: Դրանց համաձայն, Հայաստանը մասնավորապես` Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես»-2014 տարեկան զեկույցում 185 երկրների շարքում գրավում է 37-րդ տեղը: Անդրադառնալով ՀՀ տնտեսական հնարավորություններին՝ Հանրապետության նախագահն ասել է. «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում գործարարության համար: Առաջինը 2013թ. սեպտեմբերի 3-ի մեր որոշումն էր միանալ Մաքսային միությանը, այլ կերպ ասած՝ դա մեր որոշումն էր միանալ 200 միլիոնանոց շուկային: Երկրորդը դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից արտոնյալ առեւտրային ռեժիմի վերահաստատումն էր, ի թիվս 9 երկրների, նաեւ Հայաստանի Հանրապետության հետ: Այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առեւտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր հանգամանք է, որ եւ՛ պարոն Զեմանը, եւ՛ ես խորապես շահագրգռված ենք, որպեսզի մեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն ունենան արագ աճ»:

Գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի եւ Չեխիայի նախագահները հանգամանորեն անդրադարձել են նաեւ զարգացման հեռանկար ունեցող համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ նշելով էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սննդարդյունաբերությունը, ոսկերչությունը եւ այլն:

Նախագահ Զեմանը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելել Հայաստան եւ վստահեցրել է, որ այդ այցի ժամանակ իրեն կուղեկցի չեխ գործարարների ներկայանալի պատվիրակություն, եւ երկու երկրների գործարարների հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում:

Չեխիայի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Չեխիայի ամենահին վանքերից մեկը՝ Ստրահովի վանական համալիր: Այստեղ Նախագահին ծանոթացրել են համալիրի հիմնադրման պատմությանը, վանքի տարածքում տեղակայված ազգային գրականության թանգարանին, Ստրահովի գեղարվեստական ցուցասրահին եւ վանքում շուրջ 800 տարի գոյություն ունեցող հսկայական գրադարանին, որտեղ պահվում են ավելի քան 2500 ձեռագրեր եւ 130.000 գրքեր: Հանրապետության Նախագահը եղել է նաեւ համալիրի 1140-1143թթ. հիմնադրված Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում: