Հունվար ամսվա ընթացքում Աֆղանստանում 150-ից ավելի մարդ ահաբեկչության զոհ է դարձել: Այս տվյալները հրապարակել է աֆղանական կառավարությունը:
Երկրի տարածքում 16 խոշոր ահաբեկչություն է կատարվել մահապարտների մասնակցությամբ, ինքնաշեն ռումբերի մոտ 20 պայթյուններ եւ 50-ից ավելի զինված հարձակումներ:
Նախորդ ամսում ծայրահեղականների ամենազանգվածային հարձակման ականատես էր դարձել Քաբուլը. միայն հունվարի 17-ին մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասի լիբանանյան ռեստորանում թալիբների ձեռքով 21 մարդ էր զոհվել, որոնցից 13-ը՝ արտասահմանցի, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Թալիբանի» ղեկավարությունը հայտարարել էր, որ ամբողջ ձմեռ կշարունակի հարձակումները եւ խաղաղ բնակիչներին զգուշացրել էր չայցելել պաշտոնական հավաքների, աֆղանական եւ արտասահմանյան ռազմական օբյեկտներ ու պետհաստատություններ: Այն աֆղանները, որոնք պաշտոնական իշխանությունների եւ «օտարերկրյա նվաճողների կողմնակից են, նույնպես ծայրահեղականների թիրախ կդառնան:




























