Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա մոտ մեկ տոննա հերոինի տեղափոխման կազմակերպիչներից Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հանրային պաշտպանը՝ Արտակ Գարոյանը:

«Ինքը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, թեեւ զղջում եւ ափսոսում է իր որոշ արարաքների համար, ես մեկնաբանելու իրավասություն չունեմ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածների հատկանիշներով»,- ասաց փաստաբանը:

Արտակ Գարոյանը գործից մանրամասներ չհայտնեց, մասնավորապես՝ այդքան հերոինը ինչի համար էր նախատեսված, միայն հայտնեց, որ այն ամբողջությամբ իրացման համար չէր նախատեսված: Նա միայն նշեց, որ ըստ գործի տվյալների՝ առաջին դեպքն էր, երբ Օսման Ուգուրլուն Հայաստանի տարածքով փորձել է հերոին տեղափոխել: Գործի շրջանակներում նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացություններից մի շարք բաներ կպարզվեն: Նա տեղյակ չէր՝ արդյոք Թուրքիայից մասնագետ-ոստիկան է գործուղվել Հայաստան՝ հարցաքննելու հերոինի հայտնաբերման գործով ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն։ Փաստաբանի փոխանցմամբ՝  իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած է, ունի երեխա, վատառողջ հայր:

Արտակ Գարոյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը աղեստամոքսային խանգարումների հետ կապված գանգատներ ուներ, այդ պատճառով ինքը միջնորդություն էր ներկայացրել նրան բուժզննում անցկացնելու, որի արդյունքում պարզվել է, որ կյանքին վտանգ սպառնացող ախտորոշում չկա:

Փաստաբանը կանխատեսեց, որ նախաքննությունը կտեւի 4-5 ամիս, Հայաստանում կանցկացվի նաեւ դատաքննությունը եւ հետագայում՝ պատժի կրումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

ԱԱԾ-ից ավելի ուշ հայտնել են, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն:

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է: