Ադրբեջանում ուսանողները բողոքի զանգվածային ցույցի են պատրաստվում: Պատճառ է հանդիսացել Facebook-ում Բաքվի Պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովի ստատուսը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին Աբել Մագերամովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «սկսած այս տարվանից ուսանողները, ովքեր բացթողումներ ունեն, մյուս խմբերում դասախոսությունները երկրորդ անգամ լսելու համար պետք է հավելյալ վճարեն»: Սա փաստացի նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքերը:
Գրառումից անմիջապես հետո ԲՔՀ ուսանողները Facebook-ում մի քանի խումբ են ստեղծել, որոնց օգնությամբ կոչ են անում դուրս գալ համընդհանուր բողոքի ցույցի, որը, ինչպես հայտարարում են կազմակերպիչները, տեղի կունենա փետրվարի 3-ին համալսարանում:




























