Հայաստանի Անվտանգության խորհուրդը երկրի հոգեւոր անվտանգության հայեցակարգ կկազմի: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայեցակարգը կազմվելու է որպես պատասխան հայ հասարակության անհանգստությանը՝ կապված բազմաթիվ կրոնական շարժումների գործունեության հետ:

Միեւնույն ժամանակ, հավելել է նա, Հայաստանը չի պատրաստվում խախտել քաղաքացիների խղճի ու դավանանքի ազատությունը: Հայեցակարգի նախագիծը կքննարկվի հասարակական հատվածի հետ ու փորձաքննության կուղարկվի միջազգային կազմակերպություններին:

«Եթե այստեղ ինչ-որ մեկն աղանդներին դեմ է արտահայտվում, միջազգային կազմակերպություններում սկսում են խոսել դավանաբանական իրավունքների խախտման մասին: Այդ հարցերին պատասխանելու համար մեզ սպառիչ հայեցակարգ է անհրաժեշտ, որը լավագույնս կարտացոլի միջազգային փորձը»,-հայտարարել է Բաղդասարյանը: