Սպանության համար 20 տարի հետախուզման մեջ գտնվողը Աթենք-Մոսկվա-Երեւան չվերթով Հունաստանից տեղափոխվեց Հայաստան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սպանություն կատարելու մեղադրանքով ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից 1994 թվականին հետախուզում էր հայտարարվել 72-ամյա Էդիկ Ո.-ի նկատմամբ:
1999 թ. հունիսին նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Համագործակցելով Հունաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ` 2013 թ. հուլիսի 2-ին հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում եւ հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունվարի 31-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից նա Աթենք-Մոսկվա-Երեւան չվերթով Հունաստանի Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:




























