Պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «ՀայՌուսգազարդի» համաձայնագրում ստատուս քվոյի մասին դրույթը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Այդ դեպքում, ըստ նրա, Հայաստանը կարող է հասկանալ, թե ինչ պայմաններով ինքը հետագայում եւս գազ կստանա Ռուսաստանից:

«Պետք է հասկանալ, թե ինչին է վերաբերում ստատուս քվոն՝ ընկերության շահույթի՞ն, թե՞ գազի սպառման ծավալներին: Չէ որ, եթե Հայաստանն սկսի ավելի շատ գազ օգտագործել, նա կարող է ավելի ցածր գներ առաջարկել: Իսկ հնարավոր է, որ ազգային կարգավորող մարմինն առաջարկի նվազեցնել ընկերության պլանային շահույթը, որպեսզի իջեցնի սակագինը: Կամ նվազեցնի ՋԷԿ-երի գեներացիան, ինչը նշանակում է նաեւ գազի օգտագործումը՝ ի օգուտ քամու կամ հիդրոէլեկտրակայանների: Պետք է հասկանալ՝ դա կարելի՞ է անել, թե ոչ»,-պարզաբանել էՄելքումյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ հունիս երբ Հայաստանը կընդգրկվի Մաքսային միությունում, անհրաժեշտ է Ռուսաստանին ներկայացնել գազի սպառման սպասվող ծավալները, որոնք կբխեն արդյունաբերության զարգացման հայեցակարգից: «Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ պետք է ավելանա նաեւ գազի սպառումը: Պետք է հասկանալ, դա արտահայտվելո՞ւ է գազի ստացման պայմաններում»,-ասել է Մելքումյանը:

Հիշեցնենք, որ նշված համաձայնագիրը նախատեսում էր «Հայռուսգազարդ»  ՓԲԸ-ի 20% բաժնեմասի վաճառքը ռուսական  «Գազպրոմին»: Չնայած խորհրդարանում առկա տարաձայնություններին,  բաժնեմասը վաճառելու վերաբերյալ վճիռն արդեն կայացվել է, իսկ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հունվարի 16-ին: Ադյունքում` «Գազպրոմի» բաժնեմասը  100% է դարձել, իսկ «Հայռուգազարդը» վերանվանվել է  «Գազպրոմ-Արմենիա»:

Այդ պայմանագրով նախատեսվում է ստատուս քվո՝ ընկերության հետագա գործունեության համար:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am