Մոտ ժամանակներս Հայաստանում թեժ քաղաքական պայքար է սպասվում՝ կապված երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է պայքար մղել ոչ միայն խորհրդարանում, այլեւ վերսկսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները բնակչության հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ոչ միայն իրենց խմբակցությունը, այլեւ մյուս ոչ կոալիցիոն խմբակցությունները պայքարում են եւ պայքարելու են քաղաքացիների իրավունքների համար՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, գազի գների բարձրացման, գազի դիմաց 300 մլն դոլարի պարտքի գոյացման հետ:
«Պետությունը գլորվել է այն աստիճանի, որ իրերի նման դրությունը չի կարող երկար շարունակվել: Մենք հասել ենք նրան, որ հակասահմանադրական քայլեր են արվում: Ծիծաղելի է, երբ ասում են, որ բանակցային գործընթացի ժամանակ է գոյացել 300 մլն դոլարի պարտքը»:,-ասել է Հակոբյանը:

Նա նաեւ չի բացառել, որ հանուն բնակչության շահերի պայքարը, որն իրականացվում է ոչ կոալիցիոն 4 ուժերի կողմից (ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» ՀԱԿ) կարող է փոխադրվել Ազատության հրապարակ:

«Այն հանգամանքը, որ 4 քաղաքական ուժեր, որոնք լուրջ տարաձայնություններ ունեն, միավորվել են, նշանակում է գիտակցում են, որ միայնակ անհնար է ինչ-որ բան փոխել երկրում: Միայն թե իշխանություններին է թվում, որ կարող են միայնամ ամեն խնդիր լուծել»,-ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ իրենց պայքարին կմիանան նաեւ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am