Պետությունը «Գազպրոմ Արմենիայի» «մայբախների» համար չի վճարի: Այս մասին փերվարի 3-ին հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խորհրդարանական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` Ռուսաստանի հետ գազի պայմանագրի ուսումնասիրության հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումների ժամանակ: Հանձնաժողովն առաջարկել են ստեղծել իշխող կոալիցիայի մեջ չմտնող չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»:
Այվազյանն արձագանքել է այն քննադատությանը, որ Հայաստանն այլեւս չի կարող ազդել սեփական երկրում գազի սակագնի ձեւավորման վրա: Ըստ Այվազյանի` չնայած որ Հայաստան գազի մատակարարը 100% ռուսական է դարձել, դրա սակագինը պետք է հաստատվի ազգային կարգավորողի կողմից: «Թող ոչ ոք չփորձի տպավորություն ստեղծել, թե ընկերությունը կարող է «մայբախներ» գնել եւ դրանք գազի սակագնից դուրս բերել: Ոչ մի նման բան», - ասել է Այվազյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ն պայմանագիր էին ստորագրել` ռուսական կոնցեռնին «Հայռուգազարդ» ՓԲԸ-ի վերջին 20% բաժնեմասը հանձնելու մասին, որը վերանվանվել էր «Գազպրոմ Արմենիա»:




























