Գերմանիայի խորհրդարանի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Էրիկա Շտեյնբախը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ճանաչել հայերի եւ ասորիների դեմ իրականացրած ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել։
Գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Գերմանիայի խորհրդարանի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Էրիկա Շտեյնբախը, դիմելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ասել է. «Կոչ եմ անում հրաժարվել սրանից 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական իշխանությունների ժամանակաշրջանում հայերի եւ ասորիների հանդեպ կիրառած ցեղասպանությունը ժխտելուց։
20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հարազատներից ներողություն խնդրելու եւ խաղաղության ձեռք մեկնելու ժամանակը վաղուց եկել եւ նույնիսկ անցել է։
Պետք է տեսնել իրականությունը եւ թուրքական պատմության այդ ժամանակահատվածը պետք է ներառել դասագրքերում»,-ասել է Էրիկա Շտեյնբախը։




























