Իսրայելի կառավարությունը առաջարկել է 20 մլն դոլար վճարել Թուրքիայի այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք զոհվել էին Միջերկրական ծովում «Ազատության նավատորմի» գրավման ժամանակ:
Հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները երկու երկրների միջեւ սկսվել էին 2013-ին, երբ Իսրայելի վարչապետն ԱՄՆ ճնշման ներքո ներողություն էր խնդրել Թուրքիայից:
Հետագայում բանակցությունները սառեցվել էին, քանի որ կողմերը չէին կարողացել համաձայնեցնել գումարի չափը: Իսրայելն առաջարկում էր տասնհինգ միլիոն դոլար, Անկարան պահանջում էր՝ երեսուն: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները փակուղու մեջ էին հայտնվել 2010թ. մայիսից հետո, երբ Իսրայելի հատուկ ուժերը հարձակվել էին «Մավի մարմարա» նավի վրա: Զոհվել էր 9 թուրք:




























