Հալեպի օդանավակայանի վերագործարկումը վկայում է այն մասին, որ քաղաքի եւ նահանգի տարածքում Սիրիայի կառավարական զորքերը որոշակի առավելության են հասել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Անհրաժեշտ է նշել, որ Հալեպի տարածքում ռազմական գործողությունների համատեքստում ակնհայտ է կառավարական զորքերի առավելությունը: Իսկ ռազմական գործողությունների ակտիվացման մասին վերջին տեղեկությունները խոսում են այն մասին, որ կառավարական զորքերը լուրջ գործողություններ են իրականացնում քաղաքում»,-նշել է Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ շատ վիճելի է հարցը, թե որքան ժամանակում բանակը կկարողանա հասնել իր վերջնական նպատակին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիրիայի կառավարական զորքերը հաջող հարձակողական գործողություններ են իրականացրել Հալեպի հյուսիսում եւ արեւելքում: «Հալեպը շուտով կազատվի ահաբեկիչների խմբերից»,-հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջը:




























