Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ ընկել է գործարարության ակտիվությունը, երկիրը նահանջ է արձանագրում սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ցուցանիշների առումով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ օտարերկրյա ներդրումները 9 ամսվա կտրվածքով պակասել են 32 տոկոսով, ուղղակի ներդրումները՝ 64 տոկոսով:

«Սոցիալական վիճակի վատթարացման մասին է վկայում թեկուզ միայն այն փաստը, որ 2013 թվականին արձանագրված 5.6 տոկոս ինֆլյացիայի պայմաններում միջին աշխատավարձը բարձրացել է ընդամենը 4.6 տոկոսով»,- նշել է Զուրաբյանը՝ հավելելով, որ տարվա ամփոփիչ պաշտոնական տվյալներով երկիրը լքել է եւս 42.000 մարդ,  ինչն ավելի աղետալի է, եթե հաշվի առնենք, որ այս տարի հազարավոր մարդիկ ներգաղթել են Հայաստան Սիրիայից:

«Երկրի սոցիալ-տնտեսական բոլոր ցուցանիշների տեւական անկումը, արտագաղթը, կոռուպցիայի ակնհայտ դրսեւորումներին իշխանության կողմից համարժեք պատասխանի բացակայությունը վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող ապահովել սոցիալ-տնտեսական իրավիճակի տարրական կայունությունը եւ դարձել են երկրի զարգացման հիմնական խոչընդոտը:  Տնտեսական անկում, կոռուպցիա, կեղծված ընտրություններ՝ ահա այսօրվա Հայաստանի պատկերը: Նման վիճակում ժողովուրդը կանգնած է պարզ ընտրության առջեւ՝ լքել սեփական երկիրը եւ օտարության մեջ ապահովություն որոնել, կամ` ակտիվ քաղաքացիական ընդվզման իրականացնել՝ վերականգնել սահմանադրական իրավունքները՝ հասնելով երկրի կառավարումը ձախողած եւ սեփական ժողովրդին հարստահարած իշխանությունների հեռացմանը:

Իշխող կոալիցիան, մերժելով երկրի զարգացման եւ ժողովրդավարական անցման շուրջ ընդդիմության հետ փոխզիջումային լուծումների որեւէ հնարավորություն, ժողովրդին մղում է դեպի արտագաղթ: Ընդդիմությունը, հակառակը, պետք է ամեն ինչ անի՝ ժողովրդին սեփական երկրում մնալու եւ այն շենացնելու հույս տալու համար: Միակ ելքը ժողովրդի մոբիլիզացիան է՝ անարդարության, ապօրինության եւ կողոպուտի դեմ: Գազի ավանտյուրան, որի պատճառով մենք այսօր հսկայական գումարներ ենք  վճարում գանձագողերի գրպանները, կուտակային պարտադիր վճարումները, հարկային եւ մաքսային կամայականությունները, դարձել են վարչախմբի գործիքներ՝ ժողովրդի հարստահարման նպատակով: Բոլոր այս հարցերի շուրջ Հայ ազգային կոնգրեսն ունի կարեւոր անելիքներ, որոնք կներկայացվեն Մարտին 1-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքում»,- ընդգծել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: