Չի բացառվում, որ հետագայում բացահայտվեն Որոնտանի կասկադ ՀԷԿ-ի իրական սեփականատերերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը 180 մլն դոլարով ամերիկյան Կոնտուր Գլոբալ  ընկերությանը վաճառելու գործարքը:

Նա կասկած է հայտնել, թե որքանով էր անհրաժեշտ վաճառել շահութաբեր ձեռնարկությունը, որը էժան էլեկտրաէներգիա էր արտադրում:

«Ես կասկածներ ունեմ, որ այդ գործարքից հետո կարող են ի հայտ գալ կասկադի իրական տերերը»,-հայտարարել է Բաբայանը: Նրա կարծիքով՝ այդ կասկածների պատճառը գործարքի չարդարացված ցածր գինն է:

«Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության բյուջեն գնահատվել է 323 մլն դոլար: Նրա հզորությունը կազմում է 130 ՄՎտ, իսկ Որոտանի կասկադի ամբողջական հզորությունը կազմում է 404 ՄՎտ: Այսինքն 3 անգամ ավելի հզոր էներգետիկ ձեռնարկությունը վաճառվում է 1,8 անգամ ցածր գնով: Հենց դա էլ մեզ համար անհայտ է»,-հայտարարել է Բաբայանը: