Երեւանում վճարովի ավտոկանգառների համար մրցույթում խախտվել են մրցակցության պայմանները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը չպետք է մրցույթ անցկացներ միայն մեկ ընկերության մասնակցությամբ եւ դա անել փակ ռեժիմում:
Ի պատասխան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ բարձրացված հարցը կընդունվի ի գիտություն: «Ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մեր ռեսուրսները սահմանափակ են թե անձնակազմի, թե բյուջեի առումներով: Մենք չենք կարող ուսումնասիրել բոլոր ոլորտները: Դրա համար ենք կարեւորություն տալիս քաղաքացիական սեկտորից, ողջ հասարակությունից ստացվող ահազանգերին»,-ասել է Շաբոյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ իր անհանգստությունը ՏՄՊՊՀ-ին կփոխանցի գրավոր տեսքով: «Այսպես, թե այնպես, պարոն Շաբոյանը խոստացել է քննարկել այս խնդիրը»,-հայտարարել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ վճարովի ավտոկանգառները Երեւանում գուծում են 2013-ի օգոստոսի 1-ից: Ինչպես սեպտեմբերին հայտարարել է «Փարքինգ Սիթի Սերվիս» օպերատոր ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը, ավտոկայանատեղիների ցանցում ներդրումները 2013-ին կազմել է 5 մլն դոլար, 2014-ին նախատեսվում է նույնքան:




























