«Վարչապետի երեկվա հայտարարությունները ես պարզապես իմիտացիա եմ համարում, որովհետեւ նա այն մարդկանցից է, ով շատ լավ տեղյակ է Հայաստանի տնտեսությանը եւ գիտի՝ ովքեր են հարկեր վճարում եւ ովքեր՝ ոչ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե հարկային ստուգումները մինչ այժմ անարդյունավետ են եղել։

Նրա խոսքով, վարչապետի նմանօրինակ հայտարարությունները նպատակ ունեն ցույց տալ, թե կառավարությունը փորձում է պայքարել խոշոր բիզնեսի դեմ, սակայն առայժմ հաջողություններ չունի. «Ես համոզված եմ, որ այս ամենը կազմակերպված է ոչ թե նրա, այլ Սերժ Սարգսյանի կողմից։ Վարչապետը նախեւառաջ պետք է խոսի իր շրջապատի՝ այսինքն կառավարության անդամների մասին, ովքեր խրված են խոշոր բիզնեսի մեջ»,- համոզմունք հայտնեց Վ. Խաչատրյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նպատակներ կարող են հետապնդել խոշոր հարկատուներին ավելի քիչ ստուգելու մասին վարչապետի հայտարարությունները, տնտեսագետը նկատեց. «Ընդամենը նրա համար, որպեսզի ցույց տրվի, թե իբր փորձ է արվում խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ։ Բայց դրա համար ցուցադրական ելույթներ եւ ներկայացումներ պետք չեն. ընդամենը պետք է մեկ որոշում կայացնել, որով բոլորը դուրս կգան ստվերից՝ աշխատելով հարկային դաշտում»,- ամփոփեց նա։

Նշենք, որ երեկ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատության էր ենթարկել Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը՝ նշելով, որ հարկային ստուգումների քանակը ավելացնելով՝ միկրոմիջավայրը, փաստացի, չի բարելավվել:

Կառավարության երեկվա նիստում վարչապետը ուշագրավ տվյալներ էր հրապարակել, ըստ որոնց՝ 2009 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի քան 80 տոկոսով ավելացել է Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից անցկացվող ստուգումների թիվը, մինչդեռ դրանց արդյունքում առաջադրված հարկային մուծումների գումարը 25 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: