Կրեմլին մոտ կանգնած և քրեական անցյալով գործարար, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովն այնքան է մտերմացել ԱՄՆ նախագահի որդու հետ, որ ոչ միայն հոգացել է նրա հարսանիքի ծախսերը, այլև նրա հետ մեկնել է Մոնղոլիա՝ որսի։ Դոնալդ Թրամփ կրտսերն այնտեղ անցկացրել է մոտ մեկ շաբաթ և Միջազգային Կարմիր գրքում (այս տեսակը համարվում է աշխարհում ամենախոշորը) գրանցված Ալթայական խոյ է սպանել։ «Մենք գրեթե չէինք քնում», — տեսանյութում ասում է Կրեմլյովը՝ նշելով, թե որքան ակտիվ են նրանք ժամանակն անցկացրել որսի ընթացքում։
Կրեմլյովը Թրամփ կրտսերի հետ երկու օր շարունակ որս է արել. այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով զբոսավարների և մոնղոլ պաշտոնյաների պատմածները, չվերթների մասին տվյալները, սոցիալական ցանցերում արված հրապարակումները և պարբերականի կողմից վերլուծված բաց աղբյուրները։ Օգոստոսի 27-ին Ղազախստանում կայացած IBA-ի մամուլի ասուլիսից հետո Կրեմլյովը գիշերային չարտերային չվերթով մեկնել է Ուլան Բատոր, իսկ այնտեղից ուղղաթիռով ուղևորվել է երկրի արևմուտք՝ Թրամփ կրտսերի ճամբար։ Կրեմլյովին ուղեկցում էր ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող «Վոսխոդ» վենչուրային հիմնադրամի գործընկեր Արթուր Մարտիրոսովը։ Որսից հետո Կրեմլյովն Ուլան Բատորի վրայով մեկնել է Յակուտսկ՝ ներկա գտնվելու IBA-ի մենամարտին։
Սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ մայիսին Կրեմլյովը որպես հյուր ներկա է եղել Բահամյան կղզիներում կայացած՝ Թրամփ կրտսերի և Բեթինա Անդերսոնի հարսանիքին։ Համաձայն ProPublica-ի հետաքննության՝ նա է վճարել մասնավոր կղզու վարձակալության, հրավառության և հարյուր հազարավոր դոլարների հասնող այլ ծախսերի համար։ Կրեմլյովի թիմը նույնպես մասնակցել է տոնակատարության նախապատրաստական աշխատանքներին։ Անդերսոնի խոսքով՝ «թանկագին ընկեր Ումարը» նորապսակներին «անսովոր առատաձեռն հարսանեկան նվեր» է մատուցել՝ պսակադրությունից հետո կազմակերպելով երկու «ցնցող տոնական երեկո»։
Հրապարակումից հետո Թրամփ կրտսերը վերադարձրել է Կրեմլյովի գումարը։ Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ընկերոջ համար երեկույթի ծախսերը հոգալու փաստի մեջ որևէ անօրինական բան չկա, և ինքը ևս բազմիցս այդպես է վարվել։
«Դոնը հստակ հասկացրել է, որ Ումարի հետ իրեն կապում են անձնական, ընկերական, այլ ոչ թե գործնական հարաբերություններ, — FT-ին հայտնել է Թրամփ կրտսերի ներկայացուցիչը՝ հավելելով, որ նրանց ծանոթացրել է որսորդական շրջապատի ընդհանուր ընկերը։ — Նրանց ընկերությունը հիմնված է որսի, ձկնորսության և բնության գրկում ակտիվ հանգստի հանդեպ ընդհանուր սիրո վրա։ Ոչ մեկին չպետք է զարմացնի այն փաստը, որ նրանք այս տարի միասին որսի են գնացել»։
Կրեմլյովը (իսկական անունը՝ Ումարալի Լուտֆուլոև) սերտորեն կապված է Վլադիմիր Պուտինի հետ։ Նա անդամակցել է «Գիշերային գայլեր» բայքերական ակումբին, որն ակտիվորեն աջակցում է Պուտինին և նրա վարած քաղաքականությանը։ «Պրոյեկտ» պարբերականի տվյալներով՝ շորթման և ծեծի համար դատվածություն ունեցող Կրեմլյովն այդ ակումբի միջոցով է մտերմացել Ռուսաստանի նախագահի անվտանգության ծառայությունը գլխավորած Ալեքսեյ Ռուբեժնոյի հետ։ 2017 թվականին Ռուբեժնոյն օգնել է Կրեմլյովին ստանձնել Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը։
Երեք տարի անց դառնալով IBA-ի նախագահ՝ Կրեմլյովը «Գազպրոմը» դարձրեց ասոցիացիայի միակ հովանավորը։ Եվս երեք տարի անց Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) զրկեց IBA-ին հավատարմագրումից և վերցրեց Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարերի նկատմամբ վերահսկողությունը։ ՄՕԿ-ի պնդմամբ՝ IBA-ն չի կարողացել լուծել կառավարման, ֆինանսավորման և կոռուպցիայի հետ կապված խնդիրները։
Կրեմլյովը կապված է խոշորագույն «Լիգա ստավոկ», «Պարի» և «Ֆոնբետ» բուքմեյքերական ընկերությունների հետ և վերահսկում է Մոլախաղերի միասնական կարգավորիչ մարմինը, որի միջոցով իրականացվում է Ռուսաստանում բուքմեյքերական խաղադրույքների հաշվառումը։ 2024 թվականին իշխանություններն ամբողջությամբ նրա տնօրինմանն են հանձնել «Ռոլֆ» ավտոդիլերային ընկերությունը։ Մեկ տարի առաջ պետությունն այն խլել էր հիմնադիր Սերգեյ Պետրովից, որը «Ռոլֆը» վերածել էր ռուսական խոշորագույն ավտոդիլերի, սակայն արդեն վաղուց ապրում էր Ավստրիայում՝ քննադատելով Պուտինի քաղաքականությունը։





























