Հայաստանի եւ Վրաստանի սահմանը չի դառնա Եվրամիության եւ Մաքսային Միության մաքսային ռեժիմների սահման: Այդ մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Վրաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը չի վերաբերում երրորդ երկրների, այդ թվում Հայաստանին, պարզաբանել է նախարարը: «Ուստի Վրաստանը չի կարող ազատ առեւտրի պայմանագիր ունենալ Մաքսային միության երկրնրի, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասել է նա:

Հարցին, թե այդ դեպքում հնարավոր է նախկինի պես Վրաստանից Հայաստան մեքենաներ ներկրել, նախարարը պատասխանել է. «Չեմ կարող ասել՝ նախկինի պես: Մենք փորձում ենք պարզեցման գնալ: կարող է փոխվել փաստաթղթաշրջանառությունը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որակի վերահսկման, ապրանքների սերտիֆիկացման ինչ ընթացակարգեր կմտցվեն Մաքսային միության շրջանակներում»,- հստակեցրել է Ավանեսյանը: