Վատիկանը ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի զեկույցի որոշ դրույթներ՝ հոգեւորականների շրջանում մանկապղծության վերաբերյալ, համարում է եկեղեցու գործերին միջամտություն:

«Սուրբ Աթոռը ի գիտություն կընդունի հրապարակված զեկույցի դրույթները, որոնք մանրազննին կուսումնասիրվեն, նաեւ այդ թեմայով 2014թ. հունվարի 16-ին կայացած հրապարակային լսումների արդյունքները: Սուրբ Աթոռը, սակայն, ափսոսանքով ստիպված է արձանագրել, որ որոշ դրույթներ կաթոլիկ եկեղեցու մարդկային արժանապատվության եւ կրոնական ազատության ուսմունքի մեջ միջամտության փորձ են»,-  ասվում է  Վատիկանի կայքում հայտնված պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ ՄԱԿ-ը Վատիկանին մեղադրել էր հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնությունների փաստերի կոծկման մեջ: