Հայաստանում գազի գնի նվազեցումը բյուջեին կարժենա 36 մլրդ դրամ (մոտ 88 մլն դոլար): Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Այսպիսին է ԱԱՀ գումարը, որը «Հայռուսգազարդը» վճարում է Հայաստանի պետբյուջե: Մի շարք այլ երկրներում գազի գնի նվազումն ապահովվում է ԱԱՀ-ից ազատելով կամ արտոնություններով: Պատրա՞ստ ենք մենք դրան: Արդյունքում գազի սակագինը կնվազի, բայց բյուջեն գումարներ չի ստանա: Կարող եմ ասել, որ կառավարությունն այլ տարբերակ է կիրառել, անապահով ընտանիքներին փոխհատուցում է տրվելու»,- ասել է Նազարյանը:




























