Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 5-ին աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Հիմնականում դրական գնահատելով ոստիկանության վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը եւ անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ մարզի քրեածին վիճակի առանձնահատկությունները՝ պայմանավորված մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջեց աշխատանքում պրոֆեսիոնալիզմը զուգորդել անվերապահ սկզբունքայնությանը, անաչառությանն ու պատասխանատվությանը, քանի որ ոստիկանության գործունեության մեջ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ ամուր է հասարակության հետ կապը, երբ քաղաքացին հավատում է ոստիկանին:
Ոստիկանության պետը, ընդգծելով, որ անձնակազմը գերակշիռ մեծամասնությամբ ընկալել եւ իրականացնում է առաջադրված խնդիրները՝ անդրադարձավ նաեւ դեռեւս առկա թերություններին, մասնավորապես առանձնացնելով անձնակազմի հետ ոչ բավարար աշխատանքը, երբ ոստիկանության ղեկավարության ցուցումներն ու պահանջները երբեմն չեն հասնում բոլոր օղակներին, ոստիկանին անհարիր դրսեւորումների հանդեպ հանդուրժողականության, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի խախտման դեպքերը եւ այլն:
Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց սկզբունքային ու հետեւողական լինել հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման, իրենց օրենքից վեր դասողներին օրինականության դաշտ բերելու, գյուղական համայնքներին օգություն ցուցաբերելու եւ մի շարք այլ ուղղություններով: Խորհրդակցության ավարտին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքների:
Այնուհետեւ Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի մարզի ղեկավարության ու համայնքների ղեկավարների հետ հանդիպում ունեցավ մարզպետարանում, որտեղ ներկայացրեց ոստիկանության մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանին:




























