Կառավարությանն անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին հարցը ոչ միայն ժամանակին է, այլեւ նույնիսկ ուշացած է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ոչ կոլաիցիոն 4 խորհրդարանական խմբակցությունների հետագա քայլերը:
Նրա խոսքով՝ եթե Կառավարությունը արժանապատվության ու պատասխանատվության զգացում ունենար, ապա դրա անդամները վաղուց հրաժարական տված կլինեին: «Խորհրդարանական 4 խմբակցությունների օրակարգում կա կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ցանկացած պահի ԲՀԿ-ն կմիանա այդ նախաձեռնությանը»,-ասել է Զոհրաբյանը:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն, հիմնականում, կողմ է հանդես գալիս վարչապետի հրաժարականին, իսկ հիմա պատրաստ է միանալ ողջ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, Զոհրաբյանն արձագանքել է. «Տնտեսական քաղաքականությունը երկրում իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Վերջին տարիներին Կառավարությունը ոչ միայն ապացուցել է իր անգործունակությունը, այլեւ այն, որ իր բոլոր քայլերն ուղղված են եղել Հայաստանի դեմ: Ներկա կառավարությանը պետք է անվստահություն հայտնել»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է կառավարությանն անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ այդ հարցը բարձրացնելով պետք է հստակեցնել համատեքստը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, իր հերթին, նշել է, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն միայն մյուս երեք ոչ կոալիցիոն խմբակցությունների հետ քննարկումներից հետո:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























