«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը մեկնաբանել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի հայտարարությունը, որ նա արել էր հանրապետության ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով բանկի կողմից կառավարության ու կենտրոնական բանկի ֆինանսավորումը։ Թեւանյանը NEWS.am-թղթակցին մասնավորապես ասել է, թե լրացուցիչ գումարների հատկացումը կարճ ժամանակահատվածի համար կարող է ինչ-որ տնտեսական օգուտ տալ, սակայն համակարգային փոփոփոխությունների համար այն անօգուտ է, ավելին՝ կմեծացնի Հայաստանի առանց այն էլ խոշոր արտաքին պարտքը։

Նրա կարծիքով Հայաստանը ազգային արժույթի լողացող փոխարժեքի քաղաքականությանը պետք է անցներ ավելի շուտ՝ անցած տարի, այլ ոչ թե ծախսեր երկրի փողի պահուստային պաշարները։ Բացի այդ, երկրի բյուջեն ամեն գնով լցնելու Հայաստանի իշխանությունների ֆինանսական քաղաքականությունը ավելի խորացնում ճգնաժամը։

Մեկնաբանելով ԱՄՀ-ի Հայաստանին հատկացրած 250 միլիոն դոլարի վարկի դիմաց իշխանություններ տված այն խոստումը, որ իրենք կթուլացնեն հարկային ճնշումները գործարարների վրա, Թեւանյանն ասել է. «ես իշխանությունների կողնմից նման ցանկություն չեմ տեսնում։ Ընդհակառակը, հարկային ճնշումներն ավելացել են։ Եւ նույնիսկ այս պարագայում երկրի բյուջեն ակնկալվող եկամտի ամսեկան 40 տոկոսի պակասորդ է տալիս»։ Թեւանյանի կարծիքով, Հայաստանի 2009 թվականի բյուջեն ի սկզբանե իրատեսական չէր։

Ստացված վարկերը շինարարության ոլորտին հատկացնելու կառավարության ծրագրերը փորձագետը նույնպես համարել է չարդարացված։ «Իշխանությունները խոսում են շինարարությանն աջակցելու, ֆինանսներ հատկացնելու մտադրության մասին, այն դեպքում, երբ անշարժ գույքի շուկայում առքուվաճառքի ծավալների անկում է։ Որքանով է նպատակահարմար ֆինանսավորել մի ոլորտ, որտեղ ի սկզբանե հայտնի է, որ օգուտ չի լինելու»։ Թեւանյանը նաեւ տարակուսանք հայտնեց այն բանի համար, որ կառավարությունը փոխանակ ձեռնարկությունների վերադարձնի կանխավճարի տեսքով հարկային վճարները, նրանց առաջարկում է վարկավորում՝ անհամարժեք տոկոսադրույքներով։

Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը հունիսի 24-ին հայտարարեց, որ ԱՄՀ-ն մտադիր է երկրում ֆինանսական դրության վվատթարացման կապակցությամբ Հայաստանին վարկի տեսքով հատկացվող գումարի չափը հասցնել 823 միլիոն դոլարի։ Նա նաեւ նշեց, որ թեպետ արդեն 2011 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կկազմի երկրի ներքին համախառն արդյունքի մոտ 45 տոկոսը, Հայաստանը ի վիճակի կլինի մարել պարտքերը։ Հակառակ պարագայում ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ գոմարներ կհատկացնի կամ էլ կվերանայի վարկային պայմանագրերը։