NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը «ԱրմենՏել» ընկերության հետ համատեղ ապրիլի 17-ին «Հաղթանակ» զբոսայգում ծառատունկ կազմակերպեցին (Ֆոտոռեպորտաժ), որին մասնակցեցին ոչ միայն գործակալության եւ «ԱրմենՏելի» աշխատակիցները, այլեւ այլ ԶԼՄ-ների՝ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի, «Գոլոս Արմենիի», «Կապիտալ», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ» թերթերի, Panarmenian.net գործակալության, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներ:
Ընդ որում, ծառատունկը դարձավ ոչ միան տուրք հայրենի բնությանը, այլեւ յուրօրինակ ընտանեկան տոնի վերածվեց, քանի որ շատ լրագրողներ եւ «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներ եկել էին ընտանիքներով: Այդ կերպ, ծառատունկին իրենց ավանդը ներդրեցին նաեւ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչները: Ընդհանուր առմամբ «Հաղթանակ» զբոսայգում 107 ծառ տնկվեց: Ծառատունկի բոլոր մասնակիցները հանդիսավոր խոստացան, որ հետեւելու են իրենց տնկած ծառերին, ջրելու, որ այդ տեղում մի քանի տարի անց «Լրագրողների պուրակ» աճի:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը, ընկերությունը մինչ այդ էլ նմանօրինակ ակցիաներ անցկացրել է: «Նախորդ ակցիաների ժամանակ մեծ քանակությամբ ծառեր են տնկվել, սակայն բոլորն էլ չորացել են։ Եւ մենք NEWS.am լրատվական գործակալության հետ որոշել ենք ոչ այնքան մեծամաշտաբ ծառատունկ կազմակերպել` պայմանով, որ դրա մասնակիցները պետք է հետեւեն այդ ծառերի աճելու ընթացքին»,- նկատել է Բեղլոյանը։ Նա նաեւ նշել է, որ այս շնորհակալ գործը համախմբել է տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ների լրագրողների, եւ դա մեծ ձեռքբերում է. «Մի խոսքով, մենք ուրախ եւ համերաշխ աշխատեցինք…»:
Ինչպես նշեց «Առավոտ» թերթի թղթակից Նաիրա Մամիկոնյանը, սկզբում նա ակցիային մասնակցել է բնապահպանության նպատակներով։ Սակայն հետո, ինչպես ինքը խոստովանեց, ծառատունկը նաեւ դրական լիցքեր է փոխանցել։ «Մեզ՝ քաղաքաբնակներիս, բնությունն այնպես չի հերիքում, որ ծառատունկն ինձ դրական լիցքեր հաղորդեց ողջ օրվա համար»,- նշել է Նաիրան։ Նա ընդգծեց, որ NEWS.am-ի դրական օրինակը պետք է վարակի նաեւ այլ կազմակերպությունների։ «Դա, մասնավորապես, վերաբերում է լրատվամիջոցներին։ NEWS.am-ի նախաձեռնությունն ուղղված է „Լրագրողների ծառուղու“ ստեղծմանը, այնպես որ, այս ծառուղին թող մեծ եւ բարգավաճ լինի այլ ԶԼՄ-ների ջանքերի շնորհիվ եւս»,- ազդարարեց Նաիրան։



























