Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին եւ անդրադարձել ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացման հեռանկարներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում:
Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ հատկապես վերջին տարիներին այս ձեւաչափով փոխգործակցությունն ակտիվացել է, հաստատվել են նոր կապեր գործընկեր քաղաքների միջեւ. միայն 2012թ. Հայաստանի հինգ քաղաքներ գործընկերության համաձայնագրեր են կնքել ռումինական քաղաքների հետ, առաջիկայում նախատեսվում է , որ այդ շարքը կհամալրվի: Փոխվարչապետի գնահատմամբ` երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը զարգացման լուրջ ներուժ ունի եւ կարող է էապես նպաստել առեւտրատնտեսական կապերի խորացմանը:
Դեսպանն իր հերթին հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը` աջակցելու համար երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ծրագրերին:
Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը նաեւ տեղեկություններ ներկայացրեց տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին:




























