ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հարցերով հանձնաժողովը կոչ է արել Պորտուգալիայի իշխանություններին երկրի անչափահաս քաղաքացիներին պաշտպանել ցլամարտ դիտելուց կամ դրանց մասնակցելուց:

ՄԱԿ-ում կարծում են, որ ավանդական ցլամարտերը կարող են անուղղելի բացասական ազդեցություն ունենալ երեխայի չձեւավորված հոգեբանության եւ առողջության վրա:

ՄԱԿ-ի աշխատակիցները պարզել են, որ Պորտուգալիայում ցանկացած տարիքի երեխա կարող է այցելել հատուկ դասընթացների, որտեղ սովորեցնում են արյունալի ցլամարտի տեխնիկան: Միաժամանակ, երեխաները մարզադաշտում ցլամարտ դիտելու իրավունք են ստանում 6 տարեկանից: ՄԱԿ-ը պնդում է, որ տարիքային սահմանափակումը պետք է բարձրացնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արժե նշել, որ ի տարբերություն Իսպանիայի, Պորտուգալիայում ցլամարտի կանոններն ավելի մեղմ են, ցլին չպետք է սպանել հանդիսատեսի աչքի առջեւ, սակայն միջոցառման ժամանակ հաճախ են կենդանուն սպանում:

Պորտուգալիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել ՄԱԿ-ի այս զեկույցին: