Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը եւ մրցակցությունը կարող են հանգեցնել նրան, որ չվերթներն ավելի հարմար ժամերի տեղի ունենան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
«Հայաստանի ավիացիոն շուկայի ազատականացումը կարող է հանգեցնել առողջ մրցակցության աճի: Այդ դեպքում ավիաընկերությունները կմրցակցեն միմյանց հետ ոչ միայն շուկայում ներկա լինելու համար, այլեւ ուղեւորների համար առավել հարմարավետ ժամերի թռիչքների համար»,-ասել է նա:
«Իհարկե, արդյունքները, ինչպես տոմսի գնի, այնպես էլ այլ պարամետրերով, տեսանելի կլինեն «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո առնվազն երկու տարի անց: Բանն այն է, որ ավիաընկերությունները, որպես կանոն, իրենց բիզնեսը ծրագրում են առնվազն երկու տարվա համար՝ եւ օդանավերի լիզինգը, եւ տարբեր երկրների ավիացիոն իշխանությունների հետ բանակցությունները»,-ասել է Մովսեսյանը:
Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունների հետ ժամանակային լագը ավելի կարճ է, որովհետեւ նրանք Հայաստանում աշխատում են արդեն երկար եւ ունեն ենթակառուցվածքներ: «Դա է պատճառը, որ ռուսական քաղաքներ թռիչքների գները ավելի շուտ են նվազել»,-հավելել է Մովսեսյանը՝ հավելելով, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ԱՊՀ-ից դուրս երկրների ընկերությունները: «Էյր Ֆրանսը» ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Հայաստան կատարվող չվերթներն ավելացնել հասցնելով շաբաթական 7 անգամի: Իսկ վերջերս հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ԱՄԷ-ի «Etihad» ավիաընկերությունը:



























