Հայաստանի խորհրդարանը կքննարկի օդանավերի ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը հանելու օրինագիծը: Փաստաթուղթը ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 6-ին, ներկայացրել է Հայստանի քաղաքացիական ավիցիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
«Հայաստանում գործող ավիաընկերությունների համար ավելի հեշտ կլինի լրացնել իրենց ավիապարկը: Դրական էֆեկտին մենք սպասում ենք ինչպես տեղի, այնպես էլ արտաքին ավիափոխադրումների համար»,-հայտարարել է նա:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին՝ չի կարելի՞ հանել ԱԱՀ-ն նաեւ ավիակերոսինի համար, Մովսեսյանը պատասխանել է, որ արտասահման թռիչքների ժամանակ հիմա էլ կերոսինի համար ԱԱՀ չի հարկվում, եթե անգամ օդանավը լիցքավորվում է Հայաստանում:
«Տրամաբանությունն այն է, որ կերոսինն այրվում է արդեն Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ ահա ներքին ավիափոխադրումների դեպքում այդ միջոցառումն իսկապես կարող է օգտակար լինլ, եւ մենք բացարձակապես դեմ չենք, եթե պատգամավորները նման նախաձեռնությամբ հանդես գան»,-ընդգծել է Մովսեսյանը:



























