Հայաստանը պատրաստվում է ԱՊՀ երկրների հետ միասին ընդգրկվել հեռուստաբժշկության ցանցում: Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանի խորհրդարանում ներկայացրել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է հեռուստահաղորդակցության ցանցերին տվյալների փոխանցման միասնական արձանագրություն: «Այդ դեպքում Հայաստանի բուժհաստատությունները կկարողանան կապեր հաստատել արտասահմանի իրենց գործընկերների հետ: Կապի հասանելիությունը կհեշտացնի փորձի ու կոսիլիումների փոխանակումը, իսկ հիվանդներին հնարավորություն կտա լրացուցիչ ծառայություններից օգտվել, օրինակ հեռակա դիագնոստիկա օտար երկրների բուժհաստատություններում»,-ասել է Խաչատրյանը:
Նշենք, որ Հայաստանում արդեն մի քանի պիլոտային նախագծեր են իրականացվել հեռուստաբժշկության ոլորտում: «Միասնական արձանագրությունը թույլ կտա նույնականացնել նախկին նախագծերը եւ վստահելի հիմք կդառնա դրանց համար»,-ասել է Խաչատրյանը:




























