Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած երեք որոշումները` ընթացիկ տարվա գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման եւ մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը հաստատելու մասին:
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցելու նպատակով շուրջ երեք տարի հաջողությամբ իրականացվում են սերմնաբուծության եւ սերմարտադրության, ինչպես նաեւ դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության ծրագրերը։
Ծրագրերի արդյունավետությունը եւ շարունակականությունն ապահովելու ու 2014 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով որոշվել է․
• սերմացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու մասով՝ արտերկրից ձեռք բերել 1978,7 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 168,35 տոննա կապույտ առվույտի, 189,96 տոննա կորնգանի եւ 23,44 տոննա եգիպտացորենի սերմացուներ, իսկ տեղական սերմ արտադրողներից` 150 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու, որոնց տրամադրումը կատարվելու է 1 կգ-ի համար սահմանված հետեւյալ գներով՝ գարի՝ 200 դրամ, առվույտ՝ 1500 դրամ, կորնգան՝ 370 դրամ, եգիպտացորեն՝ 350 դրամ /այս գները շուկայականից ցածր են 30-50%- ով ։
• դիզելային վառելանյութի պահանջարկը բավարարելու մասով՝ հանրապետություն ներկրել 17,641,565.0 լիտր դիզելային վառելանյութ՝ մեկ լիտրը 350 դրամ արժեքով հողագործներին տրամադրելու նպատակով, որը շուկայական գներից ցածր է 30%- ով:
• պարարտանյութերի պահանջարկը բավարարելու մասով՝ ձեռք բերել 33821.95 տոննա ազոտական, 2645,2 տոննա ֆոսֆորական եւ 1618,9 տոննա կալիումական պարարտանյութեր, որոնցից ազոտականինը՝ 1 պարկը 6000 դրամ, որը շուկայականից ցածր է 30% - ով , ֆոսֆորական եւ կալիումականինը՝ 7000 դրամ, որը շուկայականից ցածր է 50% -ով :




























