Արցախի երիտասարդները ԵԱՀԿ-ից պահանջում են հետաքննել շփման գծի միջադեպերը: Ինչպես Ստեփանակերտից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, դեսպանը փետրվարի 7-ին գտնվել է Արցախում՝ մասնակցելու շփման գծի հերթական դիտարկմանը: Այդ կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ ակցիա է կայացել, որի մասնակիցները պահանջել են հետաքննել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպերը:

Ակցիան կայացել է Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գրասենյակի առջեւ: Դիտարկումից հետո Կասպշիկն ընդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց պահանջները: Նրան նաեւ նամկ են հանձնել:

Նամակում մասնավորապես ասվում է. «Մենք՝ Արցախի երիտասարդներս,գտնում ենք, որ  վերջին շրջանում  տեղի ունեցող ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ընդհարումները, որն ուղղակի արդյունք է Ադրբեջանի կողմից հրահրման, եւ որի արդյունքում թափվել է անմեղ արյուն, եւ Ադրբեջանի նման պահվածքը, մեր համոզմամբ, ուղղակի հետեւանք է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դրսեւորած ոչ համարժեք գնահատականի:

Առ այդ, պահանջում ենք,որ սահմանային գծում տեղի ունեցող որեւէ միջադեպ ենթարկվի անկախ հետաքննության եւ պատասխանատու կողմը կրի համախատասխան պատիժ:

Ի դեպ, այս պահանջը մեր տեղեկությամբ, բազմիցս հնչել է թեՙ հայկական կողմի , եւ թեՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որին անհիմն եւ անհեթեթ պատճառներով միշտ ընդդիմացել է Ադրբեջանը:

Հարգելի պարոն Կասպշիկ, որպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, հարկ ենք համարում Ձեզ հիշեցնել, որ սահմանային գծում իրավիճակի լարումը եւ անմեղ երիտասարդների սպանությունները կշարունակվեն, եթե միջնորդ կողմը շարունակի պահպանել իր անհամարժեք պահվածքը:

Վերջին հաշվով, որպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ եւ տեւական ժամանակ լինելով իրավիճակին անմիջական հաղորդակից, դուք պետք է Ձեր ջանքն ու եռանդը չխնայեք Մինսկի խմբի համանախագահներին  իրականությունը ներկայացնելու  եւ պատասխանատվության զգացումը փոխանցելու համար:

Պարոն Կասպշիկ, մեզ համար խաղաղությունն ու մարդկային կյանքը բարձրագույն արժեքներ են: Հանուն այդ արժեքների պահպանման, որի երաշխավորն է Արցախի Հանրապետության անկախությունը, մենք պատրաստ ենք շարունակելու մեր ծնողների եւ եղբայրների որդեգրած ճանապարհը՝ չերկնչելով խոչընդոտներից ու դժվարություններից:

Մենք մեր երկրի ներկան ենք, ապագան եւ մեր իրավունքների տերը»:

Նախաձեռնությանը միացել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միությունը, «Ապառաժ երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունը, «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թեւը, YMCA Artsakh  /Արցախի երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցությունը, «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը:

Լուսանկարները՝  aparaj.am-ի