Ադրբեջանը միջկրոնական կոնֆլիկտի շեմին է: Նման կարծիք ունեն մի շարք փորձագետներ, այդ թվում նաեւ ադրբեջանցի:
Կրոնական կրթության հարցերով պետական կոմիտեի նախկին նախագահ, աստվածաբան Ռաֆիգ Ալիեւի կարծիքով, Ադրբեջանում միջկրոնական դրությունը ծայրահեղ լարված է: Պատճառները շատ են, համարում է Ալիեւը:
«Արտաքին ու ներքին ճնշումները, վերջին ժամանակներում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ազդում են Ադրբեջանի վրա: Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կարգավորումը, Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ փոխադարձ կապերի վատթարացումը, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միության գաղափարն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդում Ադրբեջանում տեղի ունեցող կրոնական իրադարձությունների վրա»,- «Մեդիաֆորումին» տված հարցազրույցում հայտնել է Ալիեւը:
Մեկ այլ գործոն է հանդիսանում Սիրիայում ադրբեջանցի վարձկանների նշանակալի թիվը: «Անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել այն քաղաքացիների հանդեպ, ովքեր ցանկանում են արտասահմանում պատերազմի մասնակցել: Ի՞նչ է պետք անել: Ինչպե՞ս խոսել այդ մարդկանց հետ: Քանի դեռ չունենք այս հարցերին պատասխան, օրենքները խստացնելու առաջարկներ են ի հայտ գալիս: Սակայն դա ելք չէ»,- ասել է Ռաֆիգ Ալիեւը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիները Սիրիայից կվերադառնան փամփուշտներից ու արյունից կշտացած: Այն ժամանակ ավելի դժվար կլինի, կառավարությանը հիմա դա պետք է հուզի:
Սիրիական կոնֆլիկտի ընթացքում ընդհանուր առմամբ սպանվել է ավելւ քան 100 ադրբեջանցի: Նրանց լուսանկարները գրոհայինների կողմի տեղադրվում են սոցցանցերում: «Ջեբհաթ ան-Նուսրան», որի շարքերում պատերազմում է ադրբեջանցի վարձկանների մեծ մասը, ահաբեկչական է ճանաչվել նաեւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից:




























