Կանադահայ գործարար Սարգիս Յակուբյանը, ով Կուբայում դատապարտվել էր կոռուպցիայի համար, ազազտ է արձակվել ու մեկնել Կանադա:
Ներկրմամբ զբաղվող « Tri-Star Caribbean » ընկերության նախագահ Սարգիս Յակուբյանը հայտարարել է, որ շատ երջանիկ է վերադառնալ Տորոնտոյի իր տունը, հաղորդում է cbcnews-ը:
Նա ձերբակալվել էր 2011-ին, սակայն մեղադրանքը ներկայացվել էր միայն 2013-ի ապրիլին: Նրան մեղադրում էին կաշառակերության, հարկերը չվճարելու, Կուբայի տնտեսությանը վնաս հասցնող գործողություններում, ինչի համար նա պետք է ազատազրկվեր 9 տարով:
Ըստ որում, գործարարը չի նշում, թե ինչ պատճառներով է նա Կանադա ուղարկվել: Նրա խոսքով՝ իրեն անսպասելի բաց են թողել: «Ես մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչպես է դա պատահել: Նրանք պարզապես ասացին, որ պատրաստվում են ինձ ազատել»,-հայտարարել է Յակուբյանը՝ Associated Press-ին տված հարցազրույցում:
Յակուբյանը ծնվել ու կրթություն է ստացել Լիբանանում, հետո տեղափոխվել է Մոնրեալ, որտեղ սովորել է համալսարանում: Կուբայում նա բնակվել է մոտ քսան տարի ու համագործակցել Կուբայի ղեկավարության հետ:
Յակուբյանի ձերբակալությունից երկու ամիս անց, իշխանությունները ստուգայց են կատարել նաեւ Tokmakjian Group ընկերությունում, որի ղեկավարը Սայ Թոքմաջյանն է, ում եւս ձերբակալել էին 2011-ի սեպտեմբերին:


























