Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք դուրս չի եկել մեծ քաղաքականությունից, հետեւաբար նրա՝ քաղաքականություն վերադառնալու հարցն առաջ քաշելը ճիշտ չէ, մամուլի ասուլիսի ժամանակ նկատել է ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

«Քոչարյանը կարող է վերադառնալ պետական կառավարման համակարգ, սակայն դա օրակարգային հարց չէ։ Ինչ վերաբերում է նման հնարավորության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշմանը, ապա մենք այդ հարցը չենք քննարկել հենց նրա օրակարգային չլինելու պատճառով»,- նկատել է Հովհաննիսյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ Քոչարյանի հնարավոր վերադարձն անհանգստացնում է որոշակի շրջանակների։ «Ես նույնիսկ զգում եմ, որ այդ շրջանակները խանդում են Քոչարյանին։ Վերցնենք, թեկուզ, այն փաստը, թե ինչպես է մատուցվում Սերժ Սարգսյանի այցը Վուդրո Վիլսոնի շիրիմին։ Այն ներկայացվում է իբրեւ աննախադեպ փաստ, բայց չպետք է մոռանալ այն մասին, որ 15 տարի առաջ մեծ քաղաքական գործչի շիրիմին այցելել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Ճիշտն ասած, այդ խանդն ինձ համար անհասկանալի է»,- նկատել է Հովհաննիսյանը։

Խոսելով ՀՅԴ ծրագրերի մասին՝ նա ընդգծել է, որ ապրիլի 22-ին հայ-թուրքական գործընթացին դեմ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված խորհրդաժողով, որի արդյունքում կընդունվի համատեղ հայտարարություն։ «Ստորագրահավաքը շատ դժվար աշխատանք է, քանի որ քաղաքացիները վախենում են ստորագրել՝ խուսափելով իշխանությունների հետապնդումներից»,- նկատել է Հովհաննիսյանը։ Նա նաեւ հայտարարել է, որ ապրիլի 23-ին ՀՅԴ-ն ցույց կանցկացնի։