Մեր երկրի համար ֆերմերներին «հարուստների» եւ «աղքատների» բաժանելը խիստ պայմանական բնույթ ունի։

Նախորդ տարի ֆերմերային 1 տնտեսության  համախառն արտադրանքի ծավալը միջինը 2,7 մլն դրամ է կազմել կամ 6,6 հազ. դոլար։ Առաջին հայացքից թվերը հուսադրող են։ Իրականում դրանք մեկ տարվա համար այնքան քիչ են, որ զարգացած երկրների հետ ոչ մի համեմատության չեն դիմանում։

Կան նաեւ այլ նրբություններ։ Նախ, փորձագետները եւ շարքային քաղաքացիները պաշտոնական տվյալների իսկության հետ կապված կասկածներ ունեն

Երկրորդ, համախառն արտադրանքի ցուցանիշը պետք չէ շփոթել ֆերմերների եկամտի հետ, քանի որ արտադրանքի միայն մի մասն է իրացվում գումարով։

Ընդ որում՝ ցուցանիշը մարզերի կտրվածքով խիստ տարբերվում է։ Օրինակ՝ 2012թ. տվյալով՝  կարտոֆիլի իրացումը Արմավիրում կազմել է  86,2%, Տավուշում՝ 1,7%։

Ստացվում է, որ Տավուշում կարտոֆիլի բերքը հիմնականում ամբողջությամբ ներքին սպառման կարիքներն է հոգում: Տավուշում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմել է 1 հա-ից 120 ցենտներ, իսկ Արմավիրում՝ 326 ցենտներ:

Կարելի է հաշվել Հայաստանի գյուղական բնակչության մեկ շնչի համախառն արտադրանքի  մեծությունը: Առաջատարը Սյունիքն է (2013թ. 1343 հազար դրամ ), վերջին տեղում է Կոտայքի մարզը  (484 հազար դրամ):

Ինչո՞ւմն է Սյունիքի հաջողությունը: Հայտնի է, որ Հայաստանի այդ մարզում խաղաղ գոյակցում են եղանակային տարբեր պայմաններ՝ մերձարեւադարձայինից մինչեւ լեռնային: Սյունիքի հարավային շրջանը՝ Մեղրին բավական բարենպաստ է ջերմասեր մշակաբույսեր աճեցնելու համար:

Սյունիքի բնակչությունը ընդամենը 46,4 հազար մարդ է՝ 10 հազար ընտանիք կամ տնտեսություն: Նշենք, որ տեղի մետաղի հանքարդյունահանումը աշխատանքով է ապահովում Սյունիքի քաղաքների եւ գյուղերի հազարավոր մարդկանց:

Չնայած Սյունիքում վարձու աշխատանքի վճարը հեռու է «եվրոպական չափանիշներից», այնուամենայնիվ, այն ավելի բարձր է, քան Հայաստանի մյուս մարզերում: Ըստ պաշտոնական տվյալների՝ անցյալ տարվա նոյեմբերին միջին ամսական նվազագույն աշխատավարձը  Սյունիքում եղել է 185,5 հազար դրամ՝ երկրի միջին 151,6 հազար դրամի դիմաց:  Այդ ցուցանիշով Սյունիքն առաջ է անցնում նույնիսկ մայրաքաղաքի 165,2 հազար դրամ ցուցանիշից:

 Դրանք Սյունիքի հանքերի շահագործման «պլյուսներն են»: Իսկ «մինուսների» մասին անդադար խոսում են բնապահպանները: 

Սյունիքը հեռու է մայրաքաղաքից: Տեղի գյուղացիները բողոքեւմ են, որ ապրանքները մայրաքաղաք տեղափոխելը շատ դժվար է: 

Մարզում զարգանում է անասնաբուծությունը: Սակայն արտադրանքը վաճառելու վրա նորից ազդում է մայրաքաղաքի շուկայից հեռավորությունը: Օրինակ՝մսի իրացվելիության մակարդակը երկրում 2012թ. միջինը  կազմել է 81,1%, իսկ Սյունիքում՝  75,2%:

Այսպիսի ցուցանիշներով դժվար է լինել «հարուստ» գյուղատնտես: Երկրում կյանքի միջին մակարդակը բարձր չէ, այդ թվում նաեւ գյուղացիների մոտ: Կան, իհարկե, ապահովված գյուղացիներ, որոնք հաջողության են հասել իրենց ձեռնարկատիրական որակների կամ ազդեցիկ բարեկամների աջակցության շնորհիվ: Սակայն  «հարստությունը» բացառություն է, այլ ոչ թե զանգվածային երեւույթ:

Սմբատ Գրիգորյան