Մարդու իրավունքների հռչակագրում շատ հստակ նշված է, որ մարդիկ կարող են ընդվզել վարչակարգի դեմ, եթե համարում են, որ այն իրենց իրավունքներն ամբողջությամբ ոտնահարել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վերջին օրերս արած այն հայտարարությանը, թե ցանկացած հեղափոխություն կճնշվի հենց օրորոցում։

Նշելով, որ ոստիկանապետի այս հայտարարությունն ինքը շատ վատ է ընդունել, ՄԻՊ-ը խորհուրդ տվեց նախ հասկանալ հեղափոխության եւ հեղաշրջման միջեւ եղած տարբերությունը. «Առաջին՝ ի՞նչ է նշանակում հեղափոխություն եւ երկրորդ՝ հեղափոխություն խեղդելը ո՞րն է»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Ալիկ Սարգսյանը հեղափոխություն ասելով. «Հեղաշրջումը եւ հեղափոխությունը տարբեր բաներ են։ Շատ դեպքերում հեղաշրջումը հեղափոխության անվան տակ է օգտագործվում։ Եթե նա նկատի ուներ հեղաշրջումը… Իսկ հեղափոխություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն այդ ճանապարհով է գնում։ Իսկ հասարակությանը ճնշել հնարավոր չէ»,- ամփոփեց Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ հեղաշրջման ցանկացած փորձ կպատժվի հենց օրորոցում։