Նարկոլոգիական կլինիկայում այս պահի դրությամբ հաշվառված է 4332 թմրամոլ, որոնցից  85-ը՝ թունամոլ է՝ հոգեմետ նյութեր օգտագործող։ Այս մասին այսօր՝  փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:

Նա պարզաբանեց, որ թմրամոլների երկու տեսակի հաշվառում կա՝ պաշտոնական հաշվառում եւ հետազոտությունների արդյունքում մոտավոր ստացած, հաշվարկային տվյալները։ Հաշվարկային տվյալով՝ Հայաստանում մոտ 30 հազար թմրամոլ կա, որից 12, 700-ը՝ ներերակային օգտագործող է։ Նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված է 55 կին թմրամոլ։

Պետրոս Սեմերջյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է թմրամոլոության աճ, ոչ մեկին չի հաջողվել նվազեցնել այդ ցուցանիշը, բացի Շվեդիայից, «դա չարիք է բոլորի համար, այդ պատճառով ՄԱԿ-ը անվերջ անդրադառնում է այդ խնդրին»։

Թմրամոլների քանակի աճը, նրա խոսքով, պայմանավորված է երկու հանգամանքով, նախ՝  թմրամոլների թիվն է շատացել, ըստ այդմ՝ դիմելիությունը,  եւ հետո՝  բժշկական պայմաններն են բարելավվել։ Թմրամոլությունը ամենաշատը տարածված է Երեւանում, երկրորդ տեցում Արմավիրի մարզն է, իսկ թմրամոլները 25-40 տարեկան անձինք են։ «Թմրամոլությունը խրոնիկական հիվանդություն է, բայց նաեւ բուժելի, մեծ ջանքեր են պահանջվում թմրամոլին բուժելու համար, կա հիվանդանոցային եւ վերականգնողական փուլ, որը տեւում է երեք-հինգ տարի, մոտավորապես բուժվում է 20 տոկոսը, մյուս 80 տոկոսը իր չափով վերադառնում է թմրամոլության»,- ասաց նա։։ Պետրոս Սեմերջյանը շեշտեց նաեւ, որ սոցիալ-տնտեսական վիճակը ոչ մի դեպքում չի ազդում թմրամոլների թվաքանակի վրա։

Ինչ վերաբերում է թմրամոլներին տարբերակելուն, նրա խոսքով, կանեփի օգտագործումը երկար ժամանակ կարելի է գաղտնի պահել, իսկ այսպես ասած «բենզինի» օգտագործումը հեշտությամբ կարելի է պարզել, քանի որ արագորեն փոխվում է մարդու վարքը, տարօրինակ են դառնում, բիբերն են լայնանում, վերքեր են առաջանում մարմնի տարբեր հատվածներին։

Պետրոս Սեմերջյանը կարեւորեց նաեւ, որ եթե նախկինում հոգեմետ դեղերը դեղատներում ազատորեն վաճառվում էին, ապա այժմ դրանք վերցված են հսկողության տակ՝ միայն վաճառվում են դեղատոմսով։