«Ես ցավում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները նմանատիպ հայտարարություններ են անում. ոստիկանությունը պետք է քաղաքացու կողքին լինի», այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ օրերս հնչեցրած այն հայտարարությանը, թե հեղափոխության ցանկացած փորձ կպատժվի հենց օրորոցում։
ՄԻՊ-ի խոսքով, սակայն, ժողովրդի կողքին պետք է լինի ոչ միայն ոստիկանությունը, այլ նաեւ իշխանությունը. «Չպետք է այնպես լինի, որ ոստիկանությունն ու իշխանությունները կանգնեն իրար կողքի՝ մենակ թողնելով քաղաքացուն»,- նշեց Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ իր համար անհասկանալի էր նաեւ ՀՀ ոստիկանապետի «ժողովրդի ներքին թշնամիներին հաղթելու» մասին հայտարարությունը։ «Նմանատիպ արտահայտությունը ժողովրդավարական հասարակության տերմինաբանություն չէ, դա ավտորիտար տերմինաբանություն է։ Թշնամի պատերազմի ժամանակ ես ունենում. Եթե մենք պատերազմում ենք, ուրեմն ես դրա մասին չգիտեմ»,- նկատեց ՄԻՊ-ը՝ համոզմունք հայտնելով, որ բարձրաստիճան պաշտոնյաներն արտահայտություններ ընտրելիս պետք է ուշադիր լինեն, քանի որ նրանց խոսքը քաղաքական մշակույթ ձեւավորելու առաքելություն ունի։
Անդրադառնալով օրերս Նոր Նորքի 6-րդ զանգվածում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմային՝ Ա. Հարությունյանը այն որպես քրեածին վիճակի արտահայտություն բնորոշեց. «Այստեղ հպարտանալու ոչինչ չունենք, ինչպես հպարտանալու ոչինչ չունի նույն ոստիկանությունը»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Նոր Նորք 6-րդ զանգվածում տեղի ունեցած հերթական «ռազբորկային» ըստ որոշ տվյալների, մասնակցել են քրեական աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԲՀԿ-ի կրծքանշաններով մարդիկ։




























