Վրացի սահմանապահների կողմից 25 պակիստանցի եւ հնդիկ է ձերբակալվել՝ ապօրինի կարգով Աջարիայից վրաց-թուրքական սահմանը հատելու ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Կավկազ-Պրեսս» գործակալությունը, պակիստանցիների խումբը փորձել է Վրաստանի տարածքն օգտագործել որպես տարանցման վայր՝ Թուրքիա անցնելու համար, իսկ այնտեղից մտադիր էին անցնել Եվրոպա: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել սահմանի ապօրինի հատման մեջ, եւ նրանց բանտարկություն է սպառնում:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ասիայի եւ Աֆրիկայի բնակիչները փորձում են Վրաստանի տարածքն օգտագործել Թուրքիա անցնելու համար: Մի քանի շաբաթ առաջ անգամ ողբերգական դեպք էր տեղի ունեցել, երբ աֆրիկացիներից մեկը, որ փորձել էր հատել սահմանը, մահացու սառել էր Աջարիայի լեռներում:




























