Այսօր` ապրիլի 23-ի երեկոյան` ժամը 20-ին, Մատենադարանի հարակից հրապարակից մեկնարկելու է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Այս ակցիան արդեն ավանդական է դարձել եւ ամեն տարի ապրիլի 23-ին հայ երիտասարդները ջահերով քայլում են մինչեւ Ծիծեռնակաբերդ: Թեեւ սկզբնական շրջանում ակցիայի հեղինակը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունն էր, սակայն տարեցտարի մասնակիցների շրջանակն ընդլայնվել է, եւ հիմա այն դադարել է լինել կուսակցական նախաձեռնություն:

«Միացե՛ք երթին, դարձե՛ք ջահակիր՝ հանուն մեր ժողովրդի իրավունքների, արդարության, ճանաչման և հատուցման, հանուն հաղթանակի: Ջահեր, որ վառվում են ամեն տարի: Ջահեր, որ խորհրդանշում են մեր պայքարը, մեր հաստատակամությունը, մեր վճռականությունը: Ջահեր, որ ՈՉ են ասում ցանկացած զիջման: Ջահեր, որ հազարավոր երիտասարդների բռունցքներով միանալու են Ծիծեռնակաբերդի անմար կրակին», -ասված է «Նիկոլ Աղբալյան» միության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ջահերով երթի ավարտին երիտասարդները այրում են Թուրքիայի դրոշը: