Այսօր` ապրիլի 23-ին Սահմանադրական դատարանում շարունակվել է Երեւանի 10-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը, որին ի դեպ չեն մասնակցել ոչ Նիկոլ Փաշինյանը, որին չեն բերել նիստի, ոչ էլ նրա պաշտպանները: Դատական նիստը տեւել է մի քանի րոպե:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել 10-րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունների արդյունքները, որով Աժ պատգամավոր է դարձել Արա Սիմոնյանը:

Նիստում նշվել է, որ գործով պատասխանող` Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը եւ հարակից պատասխանող ԿԸՀ-ն ՍԴ են ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո ՍԴ-ն անցել է խորհրդակցական սենյակ` առանց հայտարարելու, թե երբ կհրապարկի Փաշինյանի հայցով որոշումը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն չի համաձայնել Փաշինյանը հայցը լսել բանավոր ընթացակարգով եւ նրա մասնակցությամբ: Դրանից հետո Փաշինյանի փաստաբանները հրաժարվել են իրենց պաշտպանյալից, քանի որ նրանց առկայությունը ՍԴ-ն օգտագործում էր Փաշինյանի շահերի դեմ, որպեսզի նրան չբերի դատական նիստերին: Այդուհանդերձ, անգամ դատապաշտպանների բացակայությունը հիմք չհանդիսացավ, որպեսզի ՍԴ-ն հրավիրի Նիկոլ Փաշինյանին:

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը որոշել է «ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010թ. հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը թողնել անփոփոխ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի