NEWS.am-ը ներկայացնում է «The Economist»-ում հրապարակված, պարբերականին Բիշքեքի թղթակից Դ.Տ.-ի հոդվածը՝ զգալի կրճատումներով:

Համատարած կոռուպցիան, ենթակա դատարանները, նախագահական շքեղ պալատների կողքին աճող աղքատությունը, Կենտրոնական Ասիայի երկրների բռնապետների ռեժիմների եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջեւ զուգահեռներն ակնհայտ են:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները առնվազն երկու խնդիր են ներկայացնում Կենտրոնական Ասրայի ծերացող բռնապետների համար: Կիեւում հակակառավարական բողոքի ակցիաների նախնական հաջողությունը կարող է ոգեւորիչ լինել արեւելքում նմանատիպ հեղափոխություն իրականացնելու համար: Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինի արձագանքը կարող է հետագա ռուսական ներխուժման պլանի նմանվել: Այդ երկու հնարավորությունները պետք է լինեն հետխորհրդային տարածաշրջանների ավտոկրատների ուղեղներում: Ճգնաժամն Ուկրաինայում վեր հանեց նախկին սյուզերենի նեոկայսերական ախորժակը:

Կենտրոնական Ասիայի իշխող էլիտան հրապարակավ ոչինչ չի ասել Ուկրաինայի իրադարձությունների մասին, այդ թվում Ղրիմը Ուկրաինայից պոկելու ՌԴ կառավարության ջանքերի վերաբերյալ, որը «հիմնավորվում է» արտասահմանում ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Նրանք վախեցած են եւ ստիպված են զգուշորեն հավասարակշռել իրավիճակը: Նրանք չպետք է ցանկանան ոչ օտարվել Ռուսաստանից՝ նրա հսկայական տնտեսական ազդեցության լծակներով, ոչ էլ աջակցել անջատողականությանը սեփական տանը: Տաջիկ քաղաքագետ  Փարվիզ Մուլոջանովի խոսքով՝ «Ռուսաստանը խթանում է անջատողականությունը, իսկ դա Կենտրոնական Ասիայի երկրների համար վտանգավոր է: Նրանք գիտեն, որ կարող են լինել հաջորդը»:

Կենտրոնական Ասիայի բոլոր 5 հետխորհրդային երկրներում կան էթնիկ ռուս բնակչության մեծ խմբեր: Այդ փոքրամասնությունները, որպես կանոն, էլ ավելի լուսանցքային են իրենց զգում, քան նրանք, որոնք ներկայումս Ուկրաինայում վայելում են Պուտինի «պաշտպանությունը»:

Անհանգստություն է առաջանցում նաեւ այն, որ ՌԴ կառավարությունը օրենք է մշակում, որը թույլ է տալիս ողջ հետխորհրդային տարածքում ապրող ռուսալեզու բնակչությանը ՌԴ քաղաքացիություն ստանալ, ինչը կավելացնի նրանց վերտարածքային պաշտպանության իրավունքները:

Ռուսաստանը համեմատաբար քիչ ազդեցության լծակներ ունի բռնապետական, գազով հարուստ Թուրքմենստանի վրա, սակայն նրան վաղուց արդեն զայրացնում է թուրքմենների կառավարության վերաբերմունքը էթնիկ ռուսների նկատմամբ: Հնարավոր է, նրա՞նք էլ օգնության կարիք ունենան:

Դժվար թե պարոն Պուտինը ռազմական ինտերվենցիայի դիմի Կենտրոնական Ասիայում: Ներկայումս առանց այդ էլ նա բավական ազդեցություն ունի այդ տարածաշրջանի երկրների մեծամասնության վրա: Բայց Ղրիմը ցույց տվեց, որ Պուտինին մեծ առիթ պետք չէ, որպեսզի արդարացնի իր միջամտությունը, երբ դա իրեն պետք է:
Ղազախստանի եւ Ուզբեկստանի առաջնորդները արդեն 70-ն անց են, սակայն նրանցից ոչ մեկը իշխանությունից հեռանալու նշաններ չի ցուցաբերում: Եթե նրանց մահից հետո քաոս սկսվի, Պուտինը կարող է մտածել, որ տեղի ռուսալեզու բնակչությունը իր պաշտպանության կարիքն ունի: